Լատինականից դուրս գրային համակարգերով հաղորդակցական դիզայնի առաջին համաշխարհային մրցանակը, որի գնահատումն իրականացնում են ձեր գրային համակարգին հարազատ միջավայրի մասնագետներ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք։
Շատ ուրախ ենք, որ հետաքրքրված եք լատինականից դուրս գրային համակարգերով հաղորդակցական դիզայնի աշխարհի առաջին մրցույթին աշխատանք ներկայացնելու հնարավորությամբ՝ GRANSHAN Bloom Award – առաջին թողարկում՝ 2026։
Ստորև մանրամասն ներկայացրել ենք աշխատանքների ներկայացման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Այս ուղեցույցով ցանկանում ենք հստակ և պարզ բացատրել, թե ինչ է ներառում մրցույթին աշխատանք ներկայացնելը և ինչպես է ընթանում գնահատումը։ Մեր նպատակն է ձեզ տրամադրել անհրաժեշտ ուղղորդումն ու պատկերացումները, որպեսզի ձեր աշխատանքը ներկայացնեք լավագույնս և հնարավորություն տաք ձեր ստեղծարարությանը լիովին ծաղկելու։
Այս բոլոր տեղեկությունները կգտնեք նաև ներբեռնումների բաժնի PDF փաստաթղթում։
Խնդրում ենք հետևել ներկայացվելիք բաղադրիչների վերաբերյալ մանրամասն ցուցումներին, որոնք հանգամանորեն բացատրված են այստեղ։ Կարող եք նաև այցելել մեր հաճախ տրվող հարցերի բաժինը։
Անհամբեր սպասում ենք ձեր աշխատանքներին։
GRANSHAN-ի թիմ
Ո՞ւմ է ուղղված մրցույթը
GRANSHAN Bloom Award-ը հրավիրում է՝
Դիզայներներին, տառային ձևավորման մասնագետներին և ստեղծագործական տնօրեններին
Ստուդիաներին, գործակալություններին և կազմակերպությունների ներքին դիզայնի թիմերին
Հրատարակիչներին, մշակութային հաստատություններին և հասարակական կազմակերպություններին
Ուսանողներին և նորավարտներին
Լատինականից դուրս գրային համակարգերի միջավայրում աշխատող բրենդներին և կազմակերպություններին
Եթե ձեր աշխատանքում տառային ձևավորումը կապում է մշակույթները, պատմություններ է պատմում և ձևավորում ինքնություն, այս մրցույթը ձեզ համար է։
Մասնակցության համար ընդունելի ժամանակահատված
Ներկայացման ենթակա են 2023 թ. հունվարից մինչև 2026 թ. դեկտեմբեր ստեղծված կամ առաջին անգամ հրապարակված աշխատանքները։ Հրապարակման կամ ավարտի ամսաթիվը պետք է լինի այս ժամանակահատվածում։ Մինչև 2023 թ. հունվարը ստեղծված աշխատանքները չեն կարող մասնակցել՝ անկախ նրանից, թե արդյոք դրանք շարունակում են ակտիվորեն օգտագործվել կամ տարածվել։
Գրային խմբեր և մեդիա կատեգորիաներ
GRANSHAN Bloom Award-ը արժևորում է տառային ձևավորման վարպետությունը տարբեր մշակույթներում, գրային համակարգերում և դիզայնի ոլորտներում։ Դրա հիմքում ժյուրիի յուրահատուկ կառուցվածքն է, որը համատեղում է մշակութային խորությունը և մասնագիտական վարպետությունը․ յուրաքանչյուր ներկայացված աշխատանք ուսումնասիրում են մասնագետներ, որոնք հասկանում են թե՛ դրանում գործածված գրային համակարգը, թե՛ այն մեդիան, որում այն ներկայացված է։
Գրային խմբեր
Մեր գրային խմբերն արտացոլում են աշխարհի գրային համակարգերի մշակութային և տառային հարստությունը՝ արաբական ու չինական գրերից մինչև հունական, ճապոնական, կորեական և այլ գրեր։ Յուրաքանչյուր գրային խումբ ներկայացնում են տվյալ գրային համակարգին հարազատ միջավայրի կամ բնագիր գրի 12 – 15 մասնագետներ, որոնք խորապես հասկանում են ձեր աշխատանքի լեզվական և մշակութային համատեքստը։ Յուրաքանչյուր գրային խմբում ընդգրկված են մեդիա կատեգորիաների մասնագետներ՝ խմբագրական դիզայնից մինչև շարժապատկերային գրաֆիկա, միջավայրի դիզայն և այլ ոլորտներ։
Որոշ մեդիա կատեգորիաներ միասին գնահատում են նույն մասնագետները․ օրինակ՝ գրքի դիզայնի մասնագետը կարող է նաև պաստառներ գնահատել։ Այսպիսով, ձեր նախագիծը դիտարկվում է թե՛ նեղ մասնագիտական գիտելիքի, թե՛ տառային վարպետության ընդհանրական ընկալման տեսանկյունից։
2026 թ. թողարկման համար GRANSHAN Bloom Award-ը կենտրոնանում է հետևյալ 8 գրային խմբերի վրա՝
Արաբական ծագման գրեր (արաբերեն, պարսկերեն, քրդերեն, ուրդու)
Հայերեն
Չինարեն (ավանդական կամ պարզեցված)
Հունարեն
Հարավասիական գրեր (գուրմուխի, դևանագարի, գուջարաթի, բենգալի, թելուգու, կաննադա, մալայալամ, թամիլ, սինհալա)
Ճապոներեն
Կորեերեն
Հարավարևելյան ասիական գրեր (թայերեն, բիրմայերեն, լաոսերեն, խմերերեն)
Հաջորդ թողարկումներում այս գրային խմբերը կընդլայնվեն՝ ներառելով այլ գրային համակարգեր, օրինակ՝ կիրիլյան, վրացական, եբրայական և համաաֆրիկյան գրեր։
Մեդիա կատեգորիաներ
Տառային այս բազմազանությանը զուգահեռ մրցույթն ընդգրկում է 9 մեդիա կատեգորիա՝ յուրաքանչյուրն իր հարթակն առաջարկելով տառային բացառիկ ստեղծարարության համար։ Յուրաքանչյուր նախագիծ իր ընտրած մեդիայի շրջանակում գնահատում են տվյալ ոլորտի մասնագետները։
Աշխատանքները կարող են ներկայացվել մի քանի մեդիա կատեգորիաներում, սակայն յուրաքանչյուր կատեգորիայի համար անհրաժեշտ է առանձին ներկայացում և վճարում (միակ բացառությունը մինչև 2026 թ. հոկտեմբերի 27-ը աշխատանք ներկայացրած մասնակիցներին տրամադրվող մեկ լրացուցիչ անվճար աշխատանքն է)։ Յուրաքանչյուր մրցութային աշխատանք ցանկության դեպքում կարելի է նշել որպես ուսանողական կամ պրակտիկայի շրջանակում իրականացված նախագիծ։
1 – Խմբագրական և հրատարակչական դիզայն
Բացառիկ դիզայներական աշխատանքներ հրատարակչության ոլորտում, որտեղ բովանդակությունն ու տառային ձևավորումը միավորվում են՝ տպագիր և թվային մեդիայում ընթերցանությունը դարձնելով գրավիչ։
Ընդունելի ձևաչափերն են՝
Գրքի դիզայն (օրինակ՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն, արվեստի գրքեր, կատալոգներ)
Ամսագրերի և թերթերի դիզայն (տպագիր կամ թվային)
Տառային ձևավորմամբ հրատարակչական շարքեր (հեղինակային սյունակներ, գրական շարքեր, մասերով հրապարակվող էսսեներ)
Անկախ հրատարակչություն (զիներ, ինքնահրատարակված գրքեր, տեղեկագրեր, փորձարարական ձևաչափեր)
2 – Պաստառներ (տպագիր և թվային)
Պաստառների բացառիկ դիզայն մշակութային, առևտրային կամ սոցիալական համատեքստերում՝ շեշտադրելով ազդեցիկ ուղերձը, տառային հստակությունն ու տեսողական ներգործությունը։
Ընդունելի ձևաչափերն են՝
Առանձին պաստառներ
Պաստառների շարքեր
Մեծաչափ պաստառներ (օրինակ՝ 18/1 գովազդային վահանակներ, քաղաքային արտաքին գովազդի ձևաչափեր)
Թվային պաստառներ (էկրանային ցուցադրություններ հանրային կամ առևտրային տարածքներում)
3 – Փաթեթավորման դիզայն
Նորարար և գործառնական փաթեթավորում, որն ընդգծում է բրենդի ինքնությունը և խթանում օգտատիրոջ ներգրավվածությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում տառային մանրամասներին և ձևի միջոցով տեսողական պատմություն հաղորդելուն։
Ընդունելի ձևաչափերն են՝
Առանձին ապրանքի փաթեթավորում
Ապրանքային գծեր և շարքեր
Տառային ձևավորմամբ փաթեթավորում (դիզայն, որտեղ տառաձևը հիմնական տեսողական տարրն է)
4 – Թվային մեդիա և միջերեսի դիզայն
Էկրանային դիզայնի ստեղծագործական լուծումներ, որոնք թվային միջավայրում նոր մակարդակի են հասցնում փոխազդեցությունն ու տառային ձևավորման որակը։
Ընդունելի ձևաչափերն են՝
Կայքեր և օգտատիրոջ միջերեսներ
Բջջային հավելվածներ
Թվային հրատարակություններ / Էլեկտրոնային գրքեր / Ինտերակտիվ գրքեր
Միկրոկայքեր կամ թվային պատմություններ ներկայացնելու հարթակներ
5 – Շարժապատկերային գրաֆիկա և անիմացիա
Ժամանակի ընթացքում զարգացող դիզայներական աշխատանքներ, որոնք տառային ձևավորման և տեսողական շարժման միջոցով պատմություններ են պատմում, գաղափարներ արտահայտում կամ ուշադրություն ուղղորդում։
Ընդունելի ձևաչափերն են՝
Տառային անիմացիաներ
Տիտրերի հաջորդականություններ
Շարժապատկերային գրաֆիկա՝ արշավների, երաժշտության, կրթության կամ բրենդավորման համար
Շարժվող տառաձևերի փորձարկումներ
Փոփոխական տառատեսակների յուրահատուկ կիրառություններ (օրինակ՝ հաստության, լայնության կամ օպտիկական չափի դինամիկ փոփոխությամբ)
6 – Միջավայրի և փորձառության դիզայն
Տարածական հաղորդակցության նախագծեր, որոնք տառաձևերի, պատկերների և կառուցվածքի միջոցով փորձառություններ են ձևավորում ֆիզիկական կամ հիբրիդային միջավայրում։
Ընդունելի ձևաչափերն են՝
Ցուցահանդեսների և տոնավաճառների դիզայն
Կողմնորոշման համակարգեր և ցուցանակներ
Տարածական տառային ձևավորում (ինստալյացիաներ, տառաձևերը ճարտարապետության մեջ, թվային և ֆիզիկական տարրերի համադրություններ)
7 – Արշավներ
Հաղորդակցության համապարփակ ռազմավարություններ՝ մեկ կամ մի քանի ալիքներով, արտահայտիչ տառային ձևավորմամբ և տեսողական պատմությամբ։
Ընդունելի ձևաչափերն են՝
Տպագիր արշավներ (հրատարակչական, գովազդային, հանրային հաղորդակցության)
Տարբեր մեդիաներ համադրող արշավներ (տպագիր, թվային, ֆիզիկական)
Հանրային շահին ծառայող հաղորդակցություն (սոցիալական, քաղաքական, մշակութային)
8 – Տեսողական ինքնություն և բրենդավորում
Բրենդի ամբողջական ինքնության դիզայն, որը տառային ձևավորման և տեսողական լեզվի միջոցով արտահայտում է նրա բնույթը, արժեքներն ու համատեքստը։
Ընդունելի ձևաչափերն են՝
Կորպորատիվ դիզայնի համակարգեր / Տեսողական ինքնություններ
Լոգոտիպի դիզայն
Տառաձևերի վրա հիմնված բրենդավորում (ինքնություններ, որոնց հիմքում գլխավորապես տառաձևերն են)
9 – Փորձարարական, չհրատարակված և գեղագրական աշխատանքներ
Հարթակ անկախ և հայեցակարգային աշխատանքների համար, որոնք բացահայտում են տառային ձևավորման նոր մոտեցումներ, գործիքներ ու մշակութային պատմություններ – հատկապես լատինականից դուրս գրային համակարգերի համատեքստում։ Ընդունելի ձևաչափերն են՝
Սեփական նախաձեռնությամբ նախագծեր
Հետազոտության վրա հիմնված կամ հայեցակարգային նախատիպեր
Նախնական գաղափարներ / Ընթացքի մեջ գտնվող աշխատանքներ
Գեղագրական աշխատանքներ և ուսումնասիրություններ
Դեռ չհրատարակված կամ չիրականացված աշխատանքներ
Տառային ձևավորման որոնումներ
Գնահատման չափանիշներ
GRANSHAN Bloom Award-ի յուրաքանչյուր մրցութային աշխատանք գնահատվում է ուշադրությամբ ու հետաքրքրասիրությամբ՝ մասնագետների կողմից, որոնք արժևորում են և՛ համարձակ գաղափարները, և՛ անթերի իրականացումը։ Մեր չափանիշներն արտացոլում են գաղափարի, վարպետության և մշակութային նշանակության հավասարակշռությունը՝ ապահովելով, որ ակնառու աշխատանքն արժևորվի իր բոլոր կողմերով։
Հայեցակարգ և նորարարություն – Գաղափարներ, որոնք զարմացնում են, ոգեշնչում և առաջ մղում ոլորտը։
Հաղորդակցություն և հստակություն – Դիզայն, որը խոսում է հստակ և նպատակային։
Տեսողական և գեղագիտական որակ – Գեղեցկություն, հավասարակշռություն և մանրամասներ՝ կատարյալ ներդաշնակությամբ։
Տառային ձևավորման գերազանցություն – Տառաձևերի և դրանք ներառող գրային համակարգերի վարպետ իմացություն։
Վարպետություն և իրականացում – Անթերի մշակում՝ յուրաքանչյուր տարրի նպատակային տեղադրմամբ։
Օգտագործման հարմարություն և գործունակություն – Ձևն ու գործառույթը միասին աշխատում են անխափան։
Մշակութային և սոցիալական նշանակություն – Դիզայն, որն արձագանքում է իր ժամանակին, վայրին և լսարանին։
Թեև բոլոր չափանիշները կարևոր են, երեքը մեր առաքելության հիմքում են և ժյուրիի գնահատման մեջ կունենան կրկնակի կշիռ՝ «Հայեցակարգ և նորարարություն», «Տառային ձևավորման գերազանցություն» և «Մշակութային և սոցիալական նշանակություն»։ Միասին դրանք կազմում են GRANSHAN Bloom Award-ի կենդանի եռյակը՝ համարձակ գաղափարի կայծը, գրին վարպետորեն տիրապետելը յուրաքանչյուր կորում ու ներտառային բացատում, և իր մշակութային հողում արմատավորված դիզայնի խոր արձագանքը։ Այստեղ տեսլականը հանդիպում է վարպետությանը, և երկուսն էլ իրենց իրական իմաստն են գտնում այն պատմություններում, խորհրդանիշներում ու համայնքներում, որոնց ծառայում են։
Ժյուրին
GRANSHAN Bloom Award-ի ժյուրին միավորում է մշակութային խոր իմացությունն ու մասնագիտական լայն հայացքը՝ ապահովելով յուրաքանչյուր ներկայացված աշխատանքի ընկալումն իր տառային, մշակութային և դիզայներական ամբողջական համատեքստում։
Գրային խմբերի ղեկավարներ
Յուրաքանչյուր գրային խումբ գլխավորում է գրային խմբի ղեկավարը՝ համապատասխան գրային համակարգի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող և մեծ հարգանք վայելող մասնագետ։ Որպես տարբեր մեդիաների ընդհանուր իմացություն ունեցող մասնագետ՝ գրային խմբի ղեկավարն ապահովում է, որ յուրաքանչյուր ներկայացված աշխատանք դիտարկվի մշակութային ճշգրտությամբ և տառային ձևավորման իմացությամբ։
Մեդիայի մասնագետներ
Գրային խմբի ղեկավարից բացի, յուրաքանչյուր գրային խմբում ընդգրկված են մեդիայի 3 – 5 մասնագետներ, որոնց հմտություններն ընդգրկում են մեր ինը մեդիա կատեգորիաների ամբողջ շրջանակը։ Հստակության համար այդ կատեգորիաները միավորված են չորս մասնագիտական խմբերում՝
Խմբագրական և հրատարակչական դիզայն, Պաստառներ, Փաթեթավորման դիզայն
Թվային մեդիա և միջերեսի դիզայն, Շարժապատկերային գրաֆիկա և անիմացիա
Միջավայրի և փորձառության դիզայն, Փորձարարական, չհրատարակված և գեղագրական աշխատանքներ
Արշավներ, Տեսողական ինքնություն և բրենդավորում
Յուրաքանչյուր գրային խմբի ժյուրիում ներկայացված են բոլոր մասնագիտական խմբերը, որպեսզի նախագիծը միշտ ուսումնասիրեն թե՛ համապատասխան մեդիայի, թե՛ տվյալ գրային համակարգի մասնագետները։
Այս երկակի ուշադրությունը՝ գրային համակարգի տիրապետմանն ու մեդիայի իմացությանը, ապահովում է ձեր աշխատանքի գնահատումն այն ճշգրտությամբ, արդարությամբ և խորությամբ, որին այն արժանի է։
Լավագույններից լավագույն 50-ի ժյուրի
Վերջնական փուլում Bloom Award-ի բոլոր հաղթողներին դիտարկում է Լավագույններից լավագույն 50-ի ժյուրին, որն ընտրում է մինչև 50 լավագույններից լավագույն աշխատանք։ Այս ժյուրին միավորում է համաշխարհային դիզայնի ամենաճանաչված անուններից մի քանիսին՝ արևմտյան ավանդույթի ներկայացուցիչներին և լատինականից դուրս գրային համակարգերի աշխարհի առաջատար գործիչներին։ Այս համադրությունը միտումնավոր է․ այն ընդգրկում է հաղորդակցական դիզայնի ամբողջ շրջանակը՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով աշխարհի՝ լատինական այբուբենից դուրս գրային համակարգերը և ընդգծելով դրանց համաշխարհային մշակութային նշանակությունը։ Իրենց մասնակցությունն արդեն հաստատածների թվում է Stefan Sagmeister-ը։
Ժյուրիի անդամների անունները կհայտարարվեն աստիճանաբար․ առաջին անունները կհրապարակվեն 2026 թ. սկզբին։
Ժյուրիի աշխատանքի ընթացքը և մրցանակները
GRANSHAN Bloom Award-ի ժյուրիի աշխատանքն ընթանում է երեք փուլով՝ յուրաքանչյուր քայլում արժևորելով գերազանցությունը և ապահովելով, որ յուրաքանչյուր հաղթող նախագիծ ստանա բովանդակալից, տեսանելի ճանաչում։
Բոլոր մրցութային աշխատանքները ժյուրիին ներկայացվում են անանուն։ Յուրաքանչյուր նախագծին կցվում են հայտի ձևաթղթում տրված նկարագրական տեքստերը (առանց ինքնությունը բացահայտող տվյալների) և, առկայության դեպքում, անիմացիոն կամ շարժապատկերային ներկայացումներ։ Այդպես ժյուրիի անդամները կարող են գնահատել ոչ միայն դիզայնի տեսողական որակը, այլև այն, թե ինչպես է այն գործում իր համար նախատեսված դինամիկ համատեքստում։
Ի՞նչ կարող եք շահել
Յուրաքանչյուր հաղթող աշխատանք ստանում է Bloom Award՝ GRANSHAN Bloom Award-ի տարբերանշանը։ Բոլոր մրցանակներն ունեն հավասար կարգավիճակ․ ոսկե, արծաթե կամ բրոնզե աստիճաններ չկան։
Այս հաղթողներից Լավագույններից լավագույն 50-ի ժյուրին ընտրում է մինչև 50 լավագույններից լավագույն աշխատանք՝ մրցույթի բարձրագույն պարգևը։
Բացի այդ, գործընկեր կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցությամբ նախատեսում ենք հանձնել մի շարք Հատուկ մրցանակներ։ Դրանք կարող են արժևորել նախագծեր, որոնք, օրինակ, ուսումնասիրում են փորձարարական գործիքներ և զարգացող տեխնոլոգիաներ, խորապես անդրադառնում են տառային մշակույթին ու ժառանգությանը կամ ցույց են տալիս սոցիալական ազդեցություն ստեղծելու դիզայնի կարողությունը։ Հատուկ մրցանակների ճշգրիտ ցանկը կհայտարարվի գործընկերությունների հաստատումից հետո։
Աջակցող տառաձևարանների ընտրության մրցանակ
Ժյուրիի հիմնական մրցանակներից բացի, մեր աջակցող տառաձևարաններից յուրաքանչյուրը կարող է շնորհել հատուկ ճանաչում՝ Տառաձևարանի ընտրություն։ Ժյուրիի պաշտոնական որոշումներից հետո յուրաքանչյուր տառաձևարան կարող է ընտրել մրցանակակիր նախագծերից մեկը, որտեղ իր տառատեսակներն օգտագործվել են առանձնահատուկ ստեղծարարությամբ և ազդեցությամբ։
Այս նախագծերը կլուսաբանվեն երկու անգամ՝ նախ տառաձևարանի սեփական կապուղիներում, ապա GRANSHAN-ի համաշխարհային հարթակներում՝ ընտրված աշխատանքներին միջազգային դիզայներական համայնքում ապահովելով լրացուցիչ տեսանելիություն, վստահություն և առաջխաղացում։
Մասնակիցների համար սա հաղթելու ևս մեկ հնարավորություն է․ Bloom Award-ի շրջանակում շնորհվող Bloom Award-ից բացի, ձեր նախագիծը կարող է ընտրվել աշխարհով մեկ գործող առաջատար տառաձևարանի կողմից որպես իր լավագույն օրինակ՝ ձեր աշխատանքն անմիջականորեն կապելով այսօրվա ամենաազդեցիկ անկախ տառատեսակների հրատարակիչներից մի քանիսի հետ։
Ժյուրիի աշխատանքի երեք փուլերը
Փուլ 1 – Մասնագիտական ժյուրիի գնահատում
Մասնագիտական ժյուրիի գնահատման ընթացքում ժյուրիի ավելի քան 100 անդամներ՝ առանձին մեդիա կատեգորիաների և գրային խմբերի մասնագետներ, ուսումնասիրում են բոլոր ներկայացված աշխատանքները։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ ինքնուրույն գնահատում է 1-ից (ցածր) 5 (բարձր) միավորով։ 3.0-ից ցածր միավոր ստացած աշխատանքները չեն անցնում հաջորդ փուլ, եթե ժյուրիի որևէ անդամ հիմնավոր փաստարկներով դրանք կրկին չի առաջադրում։
Փուլ 2 – Bloom Award-ի շնորհման որոշումներ
3.0 կամ ավելի բարձր միջին միավոր ունեցող բոլոր ներկայացված աշխատանքներն անցնում են հաջորդ փուլ։ Մասնագիտական ժյուրիներն առցանց նիստերի ընթացքում խորությամբ քննարկում են այդ աշխատանքները։ Քննարկումից հետո ժյուրիի անդամները Bloom Award շնորհելու հարցով քվեարկում են «այո» կամ «ոչ»՝
Ժյուրիի 3 անդամի դեպքում անհրաժեշտ է առնվազն 2 «այո» ձայն
Ժյուրիի 4 անդամի դեպքում անհրաժեշտ է առնվազն 3 «այո» ձայն
Ժյուրիի 5 անդամի դեպքում անհրաժեշտ է առնվազն 4 «այո» ձայն
Bloom Award ստացած յուրաքանչյուր աշխատանք արժանանում է վկայագրի՝ հաստատելով տարվա հաղթողներից մեկը լինելու հանգամանքը։
Փուլ 3 – Լավագույններից լավագույնը
Bloom Award-ի բոլոր հաղթողներից Լավագույններից լավագույն 50-ի ժյուրին ընտրում է մինչև 50 լավագույններից լավագույն աշխատանք՝ մրցույթի բարձրագույն պարգևը։ Այս բարձրակարգ ժյուրիում ընդգրկված են համաշխարհային դիզայնի ամենաճանաչված անուններից մի քանիսը։
«Լավագույններից լավագույնը» ճանաչվելը նշանակում է, որ ձեր աշխատանքը տպավորել է ոչ միայն ձեր ոլորտի մասնագետներին, այլև մեր ժամանակի ամենահեռատես դիզայներներից մի քանիսին։
Ի՞նչ են ստանում հաղթողները
GRANSHAN Bloom Award շահելը նշանակում է ավելին, քան պարգև ստանալը։ Դա նշանակում է, որ ձեր աշխատանքը դառնում է տառային ձևավորման և դիզայնի շուրջ համաշխարհային զրույցի մաս՝ տեսանելի, գնահատված և հիշվող։ Ճանաչման յուրաքանչյուր ձև կոչված է ձեր նախագծին ապահովելու տեսանելիություն, համատեքստ և տևական ներկայություն։
Bloom Award
Յուրաքանչյուր մրցանակակիր աշխատանք ստանում է GRANSHAN Bloom Award՝ նվաճման նշան, որը հաղթողները կարող են օգտագործել իրենց հաջողությունը ներկայացնելու համար։ Վկայագրի հետ միասին հաղթողներին տրամադրվում են պաշտոնական նյութեր, որոնք օգնում են հայտնել ստացած ճանաչման մասին, օրինակ՝ սոցիալական ցանցերում, պորտֆոլիոներում կամ մամուլին ուղղված հաղորդագրություններում։
Համաշխարհային ճանաչում
Հաղթող նախագծերը լուսաբանվում են GRANSHAN-ի և մեր մեդիա գործընկերների կապուղիներում՝ հասնելով միջազգային դիզայներական համայնքին և դրանից դուրս։ Մասնագիտական ցանցերում ձեր աշխատանքը տեսանելի է դառնում ամբողջ աշխարհի դիզայներներին, պատվիրատուներին, դասավանդողներին և մշակութային հաստատություններին։
Առցանց ցուցահանդես և արխիվ
Բոլոր հաղթող մրցութային աշխատանքները ներկայացվում են granshan.com կայքի համադրված առցանց ցուցադրությունում։ Առաջին ցուցադրությունից հետո յուրաքանչյուր նախագիծ դառնում է GRANSHAN-ի մշտական առցանց արխիվի մաս՝ որպես հանրությանը հասանելի տևական աղբյուր՝ տեղեկանալու, ուսումնասիրելու և ոգեշնչվելու համար։
Ճանաչում տպագիր նյութերում
Յուրաքանչյուր հաղթող կընդգրկվի GRANSHAN-ի պաշտոնական տպագիր նյութերում։ «Լավագույններից լավագույնը» ճանաչվածներին այս նյութերն ուղարկվում են անմիջապես․ մյուս բոլոր հաղթողները կարող են դրանք ստանալ հարցմամբ՝ հոգալով առաքման ծախսերը, կամ վերցնել GRANSHAN-ի ցուցահանդեսների և համաժողովների ժամանակ։ Այս տպագիր նյութերը կատալոգից ավելին են՝ տառային վարպետության շոշափելի վկայություն։
Մրցանակների առաջին շնորհում և հիմնական ցուցահանդես
«Լավագույններից լավագույնը» ճանաչված աշխատանքները հայտարարվում են GRANSHAN Bloom Award-ի մրցանակաբաշխության ժամանակ, որը տառային ձևավորմանը, մշակույթին և դիզայնին նվիրված համաժողովի մաս է։ Միջոցառմանը զուգահեռ համադրված ցուցահանդեսը լսարանին հնարավորություն է տալիս զգալու յուրաքանչյուր ընտրված աշխատանքի լիարժեք ազդեցությունը։
Տարածաշրջանային և գործընկերային ցուցահանդեսներ
Մրցանակների առաջին շնորհումից և հիմնական ցուցահանդեսից հետո ընտրված աշխատանքները կներկայացվեն GRANSHAN-ի միջազգային գործընկերների ցանցի միջոցով՝ ներառյալ տարածաշրջանային ցուցահանդեսներ, որոնք կարող են զուգահեռ ընթանալ աշխարհի տարբեր վայրերում։
Բոլոր մասնակիցները աշխատանքը ներկայացնելիս պետք է տրամադրեն առնվազն մեկ տպագրության պատրաստ պատկեր կամ վերարտադրություն՝ ցուցահանդեսներում և հրատարակություններում ընդգրկվելու համար։
Կատեգորիաներ և վճարներ
GRANSHAN Bloom Award-ը ստեղծվել է համայնքի կողմից՝ համայնքի համար։
Մեր նպատակն է մասնակցությունը հնարավոր դարձնել դիզայներների և կազմակերպությունների համար՝ անկախ նրանց գործունեության ծավալից ու տնտեսական պայմաններից, միաժամանակ ապահովելով մրցույթը կազմակերպելու, ժյուրիի աշխատանքն իրականացնելու և հաղթողներին արժանիորեն մեծարելու հնարավորությունը։
Գործընթացի արդարությունն ապահովելու համար առաջարկում ենք ինքնագնահատման վրա հիմնված վճարի երեք սանդղակ՝
Ցածր եկամտով անձինք / Ուսանողներ / Պրակտիկանտներ / Ֆրիլանսերներ – սահմանափակ միջոցներ ունեցող անհատների, ուսանողների և անկախ դիզայներների համար։
Փոքր և միջին ընկերություններ – փոքր թիմերով և համեստ շրջանառությամբ ստուդիաների ու գործակալությունների համար։
Խոշոր ընկերություններ – կայացած գործակալությունների, ընկերությունների կամ հաստատությունների համար, որոնք ունեն կազմակերպական ավելի մեծ հնարավորություններ։
Վստահում ենք, որ յուրաքանչյուր մասնակից կընտրի իր վիճակին առավել համապատասխան կատեգորիան։ Վճարները մնում են նույնը մինչև աշխատանքների ներկայացման ավարտը՝ առանց փուլերի և թանկացումների, իսկ Արշավներ և Տեսողական ինքնություն և բրենդավորում կատեգորիաների վճարը մյուս կատեգորիաների վճարի կրկնապատիկն է։ Մասնակցության վճարը միակ պարտադիր ծախսն է․ հաղթողների համար վճարներ կամ թաքնված վճարներ չկան։
Վճարը կիրառվում է յուրաքանչյուր ներկայացված աշխատանքի և յուրաքանչյուր մեդիա կատեգորիայի համար․ եթե նախագիծը ներկայացվում է մեկից ավելի կատեգորիաներում, յուրաքանչյուր մրցութային աշխատանք գնահատվում և վճարվում է առանձին։ Միակ բացառությունը մինչև 2026 թ. հոկտեմբերի 27-ը աշխատանք ներկայացրած մասնակիցներին տրամադրվող մեկ լրացուցիչ անվճար աշխատանքն է։
Արդեն աշխատանք ներկայացրե՞լ եք։ Ձեր մրցութային աշխատանքը մնում է այնպիսին, ինչպիսին կա։ Մինչև 2026 թ. հոկտեմբերի 27-ը ներկայացված աշխատանքները կարող են անվճար վերանայվել կամ լրացվել մինչև 2026 թ. դեկտեմբերի 22-ը։ Քանի որ վճարներն այժմ նվազեցված են, դուք նաև ստանում եք մեկ լրացուցիչ աշխատանք անվճար ներկայացնելու հնարավորություն․ մենք անձամբ կկապվենք ձեզ հետ։
| Կատեգորիա | Ցածր եկամտով անձինք / Ուսանողներ / Ֆրիլանսերներ | Փոքր և միջին ընկերություններ | Խոշոր ընկերություններ |
|---|---|---|---|
| 1. Խմբագրական և հրատարակչական դիզայն | 15 € | 45 € | 125 € |
| 2. Պաստառներ (տպագիր և թվային) | 15 € | 45 € | 125 € |
| 3. Փաթեթավորման դիզայն | 15 € | 45 € | 125 € |
| 4. Թվային մեդիա և միջերեսի դիզայն | 15 € | 45 € | 125 € |
| 5. Շարժապատկերային գրաֆիկա և անիմացիա | 15 € | 45 € | 125 € |
| 6. Միջավայրի և փորձառության դիզայն | 15 € | 45 € | 125 € |
| 7. Արշավներ | 30 € | 90 € | 250 € |
| 8. Տեսողական ինքնություն և բրենդավորում | 30 € | 90 € | 250 € |
| 9. Փորձարարական, չհրատարակված և գեղագրական աշխատանքներ | 15 € | 45 € | 125 € |
Ներկայացման ժամանակացույցը և ժյուրիի աշխատանքի ընթացքը
GRANSHAN Bloom Award-ն ընթանում է հստակ փուլերով՝ ձեզ բավարար ժամանակ տրամադրելով ձեր լավագույն աշխատանքը պատրաստելու համար և ապահովելով արդար ու հանգամանալի գնահատում։
Աշխատանքների ներկայացման փուլ
Աշխատանքների ընդունման սկիզբը՝ 2025 թ. դեկտեմբեր
2026 թ. հոկտեմբերի 27-ից մասնակցության նվազեցված վճարներ բոլորի համար, որոնք կմնան նույնը մինչև աշխատանքների ներկայացման ավարտը՝ առանց փուլերի և թանկացումների
Աշխատանքների ներկայացման ավարտը՝ 2026 թ. դեկտեմբերի 22․ վերջնական ժամկետ՝ առանց հետագա երկարաձգման
Աշխատանքների ներկայացումից հետո
Վարչական աշխատանքներ՝ 2026 թ. դեկտեմբեր․ բոլոր մրցութային աշխատանքները պատրաստվում են ժյուրիի ուսումնասիրությանը։
Գնահատում և վերջնական ընտրություն՝ 2027 թ. հունվար – ապրիլ․ գրային խմբերը և դրանց մասնագիտական ժյուրիները հունվարին անհատապես գնահատում են մրցութային աշխատանքները, փետրվարին հաջորդում են վարողի մասնակցությամբ քննարկումները, իսկ մարտին՝ որոշումները․ Լավագույններից լավագույն 50-ի ժյուրին իր ընտրությունը կատարում է ապրիլին։
Հաղթողների հայտարարում՝ 2027 թ. առաջին կիսամյակի ավարտին մոտ․ հաղթողները կհայտարարվեն GRANSHAN Conference & Ceremony-ի բեմից (վայրն ու ամսաթիվը կհայտարարվեն ավելի ուշ)։
Խոստում, որը պահում ենք․ նախկին վաղ մասնակցության շրջանում՝ մինչև 2026 թ. մարտի 17-ը, ներկայացված և հետագայում մրցանակի արժանացած աշխատանքները կստանան հատուկ գնահատանքի նշան։ Վաղ մասնակցության այս հաղթողներն առաջինը կլուսաբանվեն GRANSHAN-ի հետմրցութային հաղորդակցություններում՝ արդյունքները աշխարհին հայտարարելիս իրենց աշխատանքների տեսանելիության համար ստանալով մեկնարկային առավելություն։
GRANSHAN աջակցող տառաձևարանների ակումբ
Միջին չափի մի խումբ տառաձևարաններ միավորել են ուժերը՝ օգնելու մշակել և մեկնարկել GRANSHAN Bloom Award-ը՝ ներդրում ունենալով թե՛ ֆինանսապես, թե՛ ռազմավարական առումով։ Նրանք աջակցել են մրցույթի ընդհանուր հայեցակարգին և այժմ ակտիվորեն ընդլայնում են դրա հասանելիությունն իրենց սեփական կապուղիների միջոցով։
Յուրաքանչյուր աջակցող տառաձևարան նաև հատուկ ճանաչում կշնորհի՝ ընտրելով իր տառատեսակներն օգտագործող մեկ հաղթող նախագիծ և այն ներկայացնելով իր հարթակների հատուկ ցուցադրություններում, GRANSHAN-ի միջոցով ու սոցիալական ցանցերում։
Նրանց ներգրավվածությունը զուտ աջակցող բնույթ ունի․ նրանք չեն մասնակցում ժյուրիի աշխատանքին։ Նրանց դերն է ամրապնդել մրցույթի հիմքը, աջակցել հաղորդակցությանը և մեծարել հաղթողներին ամբողջ աշխարհում։ Այս հատուկ կապը տեսանելի կլինի Աջակցող տառաձևարանի ընտրության ցուցադրության մեջ՝ յուրահատուկ մրցանակ, որը լուսաբանում է տառաձևարանի տառատեսակների բացառիկ կիրառությամբ աշխատանքները։
Աշխատանքների ներկայացման հարթակ և ձևաչափեր՝ ըստ մեդիա կատեգորիաների
GRANSHAN Bloom Award-ի բոլոր մրցութային աշխատանքները ներկայացվում են մեր հատուկ աշխատանքների ներկայացման հարթակով, որը մշակվել է մրցութային հարթակների մասնագետի հետ համագործակցությամբ։ Համակարգը թույլ է տալիս վերբեռնել աշխատանքը պահանջվող թվային ձևաչափերով և քայլ առ քայլ ուղղորդում է ձեզ։ Ձեր մրցութային աշխատանքը պահպանվում է ընթացքում, ուստի կարող եք այն վերանայել և թարմացնել այնքան անգամ, որքան ցանկանում եք՝ մինչև վճարելը․ կարող եք սկսել վաղ և ընթացքում կատարելագործել։ Մասնակցության վճարի վճարումն է համարվում աշխատանքի ներկայացումը․ վճարելուց հետո այն կողպվում է և այլևս չի կարող խմբագրվել կամ չեղարկվել։ Մինչև 2026 թ. հոկտեմբերի 27-ը ներկայացված աշխատանքները կարող են անվճար վերանայվել կամ լրացվել մինչև 2026 թ. դեկտեմբերի 22-ը։
Ֆիզիկական կամ տպագիր աշխատանքների համար անհրաժեշտ է բարձրորակ թվային փաստագրում՝ լուսանկարներ, սկանավորված պատկերներ կամ տեսագրություններ, որոնք հստակ ներկայացնում են աշխատանքը։ Օրինակ՝ ամսագիրը կարելի է վերբեռնել և՛ որպես թերթվող PDF, և՛ որպես էջերը թերթող կարճ տեսանյութ՝ կցելով նաև առանձին էջերի բարձր լուծաչափով պատկերներ՝ տառային ձևավորման մանրամասները ցույց տալու համար։
Աշխատանքների ներկայացման հարթակը հավաքում է ոչ միայն ձեր նախագծի ֆայլերը, այլև ժյուրիի գնահատման և, մրցանակ ստանալու դեպքում, մեր առցանց ցուցահանդեսում, տպագիր կատալոգում ու ֆիզիկական ցուցադրություններում անմիջապես օգտագործելու համար անհրաժեշտ տեղեկությունները։ Ձեզնից կպահանջվի տրամադրել՝
Մասնակցի և կապի տվյալներ
Պատկերներ (jpg, png), PDF փաստաթղթեր, տեսանյութեր
Նախագծի հակիրճ նկարագրություն
Բոլոր ներդրում ունեցողների անուններն ու դերերը՝ յուրաքանչյուրի դիմանկարով և կարճ կենսագրությամբ
Բոլոր նյութերը պետք է պատրաստվեն այնպես, որ աշխատանքի մրցանակ ստանալու դեպքում հնարավոր լինի դրանք առանց լրացուցիչ խմբագրման օգտագործել թվային պրոյեկցիայի, մեծաչափ տպագրության կամ առցանց ներկայացման համար։ Ժյուրին ևս նույն հարթակում կդիտարկի և կգնահատի ձեր աշխատանքը։ Նկատի ունեցեք՝ մրցութային աշխատանքը ժյուրիին կփոխանցվի միայն մասնակցության վճարը վճարելուց հետո։
Արդար գնահատում ապահովելու համար բոլոր նախագծերը ժյուրիին ներկայացվում են անանուն։ Աշխատանքին կցվում են հայտի ձևաթղթում տրված նկարագրական տեքստերը, սակայն դրանք չպետք է պարունակեն մասնակցի ինքնությունը բացահայտող որևէ տեղեկություն։ Հնարավորության դեպքում ներկայացված աշխատանքները պետք է ներառեն անիմացիոն կամ շարժապատկերային նյութեր՝ տեսանյութ, GIF կամ համարժեք ձևաչափ, որպեսզի ժյուրին կարողանա աշխատանքը դիտել նախատեսված դինամիկ ձևով։
1. Խմբագրական և հրատարակչական դիզայն
Փուլ 1 – Թվային ներկայացում
Բարձր լուծաչափով PDF (300 dpi, առավելագույնը՝ 20 MB), որն ամբողջությամբ ցույց է տալիս հրատարակությունը՝ ներառյալ կազմը, ընտրված երկէջ բացվածքները և տառային հիմնական մանրամասները։
Բարձրորակ լուսանկարների հավաքածու (JPEG, 300 dpi), որը ցույց է տալիս՝
Հրատարակությունը որպես ֆիզիկական առարկա (առջևը, հետևը, կռնակը, չափը համեմատելու հենանիշ)
Առանձին էջեր և երկէջ բացվածքներ՝ ընդհանուր հորինվածքը ներկայացնելու համար
Տառային հիմնական տարրերի խոշոր պլանով լուսանկարներ
Ըստ ցանկության՝ հրատարակության թերթումը ներկայացնող կարճ տեսանյութ (≤2 րոպե, MP4)։
Փուլ 2 – Կարճ ցուցակում ընդգրկվելուց հետո – Ֆիզիկական ներկայացում
Յուրաքանչյուր աշխատանքից մեկ տպագրության պատրաստ օրինակ ուղարկեք նշանակված տարածաշրջանային հասցեով (մանրամասները կտրամադրվեն կարճ ցուցակում ընդգրկվելուց հետո)։ Դրանք կօգտագործվեն տեղում գնահատման համար, իսկ հետագայում կներառվեն ֆիզիկական ցուցահանդեսում։
2. Պաստառներ (տպագիր և թվային)
Թվային ներկայացում
Պաստառի ֆայլ՝ JPEG/PNG (300 dpi, վերջնական տպագրական չափով, օրինակ՝ A1/A0 կամ գովազդային վահանակի համամասնությամբ)
Արտաքին ձևաչափերի համար՝ լրացուցիչ պատկեր, որը ցույց է տալիս պաստառն իր նախատեսված միջավայրում (օրինակ՝ փողոցում տեղադրված 18/1 գովազդային վահանակի վրա)՝ չափն ու ազդեցությունը ներկայացնելու համար։
Թվային պաստառների համար՝ MP4 ֆայլ (1080p, ≤3 րոպե) կամ գործող ցուցադրության հղում։
Ըստ ցանկության՝ PDF՝ տպագրության պատրաստ տարբերակների կտրման նշաններով։
3. Փաթեթավորման դիզայն
Փուլ 1 – Թվային ներկայացում
Լուսանկարների հավաքածու (JPEG, 300 dpi), որը բոլոր անհրաժեշտ դիտանկյուններից ցույց է տալիս փաթեթավորումը որպես 3D առարկա։
Փռվածք (բացված կտրման գծագիր)՝ բարձր լուծաչափով PDF ձևաչափով՝ տառային դասավորությունն իր համատեքստում ցույց տալու համար։
Ըստ ցանկության՝ կարճ տեսանյութ (≤2 րոպե), որը ցույց է տալիս փաթեթավորման հետ փոխազդեցությունը, օրինակ՝ ապափաթեթավորումը։
Փուլ 2 – Կարճ ցուցակում ընդգրկվելուց հետո – Ֆիզիկական ներկայացում
Յուրաքանչյուր աշխատանքից մեկ տպագրության պատրաստ օրինակ ուղարկեք նշանակված տարածաշրջանային հասցեով (մանրամասները կտրամադրվեն կարճ ցուցակում ընդգրկվելուց հետո)։ Դրանք կօգտագործվեն տեղում գնահատման համար, իսկ հետագայում կներառվեն ֆիզիկական ցուցահանդեսում։
4. Թվային մեդիա և միջերեսի դիզայն
Փոխազդեցությունն ու նավարկումը ցույց տվող տեսանյութ (MP4, ≤3 րոպե)։
Հիմնական էկրանների պատկերներ (JPEG, 1920×1080 px)։
Գործող կայքի/հավելվածի URL հասցե (հասանելի՝ մինչև գնահատման ավարտը)։
5. Շարժապատկերային գրաֆիկա և անիմացիա
Տեսանյութ՝ MP4/MOV ձևաչափով (1920 × 1080 px, ≤3 րոպե, ≤3 GB)
Ըստ ցանկության՝ կադրաշարի PDF (մինչև 4 էջ)
6. Միջավայրի և փորձառության դիզայն
Լուսանկարների շարք (JPEG, 300 dpi)՝ համատեքստը ցույց տվող կադրեր + մանրամասների կադրեր
Ըստ ցանկության՝ շրջայց ներկայացնող տեսանյութ (MP4, ≤2 րոպե)
Տարածքի հատակագծեր / դասավորության գծագրեր (PDF, հնարավորության դեպքում՝ վեկտորային)
7. Արշավներ
Պատկերներ (JPEG) յուրաքանչյուր հիմնական իրագործման համար (տպագիր նյութեր, պաստառներ, թվային գովազդներ)
Ըստ ցանկության՝ արշավի իրականացումը ներկայացնող տեսանյութ (MP4, ≤3 րոպե)
Արշավի գործող հարթակների հղում
8. Տեսողական ինքնություն և բրենդավորում
Լոգոյի տարբերակների հավաքածուն՝ PDF ֆայլերով (վեկտորային), ինչպես նաև կիրառման օրինակներ (JPEG ֆայլեր)
Բրենդի կիրառության պատկերներ (օրինակ՝ գրասենյակային նյութեր, փաթեթավորում)
Ըստ ցանկության՝ ուղեցույցի PDF (մինչև 5 էջ)
9. Փորձարարական, չհրատարակված և գեղագրական աշխատանքներ
Պորտֆոլիո կամ փաստագրում՝ PDF ձևաչափով (մինչև 10 էջ)
Ըստ ցանկության՝ թվային նախատիպ․ ցուցադրական տեսանյութ կամ URL հասցե
Ցանկացած առնչվող հայեցակարգային նյութեր (էսքիզներ, հետազոտական նշումներ)
Մասնակցության կանոններ և ընդհանուր արժեքներ
GRANSHAN Bloom Award-ը մրցույթից ավելին է․ այն վարպետության, հարգանքի և մշակութային երկխոսության ընդհանուր տարածք է։ Մեր կանոնները կոչված են այս տարածքը բաց, արդար և ոգեշնչող պահելու բոլորի համար։
Մասնակցությունը հիմնված է երեք պարզ պարտավորությունների վրա՝
Մեր ընդհանուր սկզբունքները
Մասնակցելով՝ դուք համաձայնում եք GRANSHAN-ի Պարտավորությունների հայտարարությանը։ Այն արտացոլում է մեր համոզմունքը, որ դիզայնը փոխըմբռնման և ինքնության ամրապնդման ուժ է, ինչպես նաև ագրեսիային, խտրականությանը կամ ոտնձգություններին հարթակ տրամադրելու մեր մերժումը։Մասնակցության պայմաններ
Ներկայացված աշխատանքները պետք է լինեն ինքնուրույն ստեղծված կամ ներկայացվեն հեղինակի կամ հեղինակների լիակատար թույլտվությամբ։ Յուրաքանչյուր մրցութային աշխատանք պետք է ներառի լատինականից դուրս առնվազն մեկ գրային համակարգ, որը կրում է տեքստի զգալի մասը (մեկ բառը կամ դեկորատիվ շեշտը բավարար չէ), և համապատասխանի մրցույթի մեդիա կատեգորիաներին։ Ողջունվում են հրատարակված, հրատարակման պատրաստվող և չհրատարակված աշխատանքները, այդ թվում՝ հստակ նշված ուսանողական և պրակտիկայի շրջանակում իրականացված նախագծերը։Հեղինակային իրավունք և օգտագործման իրավունքներ
Աշխատանքը ներկայացնելով՝ դուք հաստատում եք, որ ունեք ձեր աշխատանքի նկատմամբ անհրաժեշտ իրավունքները։ Դուք GRANSHAN-ին և նրա գործընկերներին տրամադրում եք ոչ բացառիկ լիցենզիա՝ ձեր աշխատանքը ցուցահանդեսներում, հրատարակություններում և մրցանակին առնչվող մեդիայում ներկայացնելու համար՝ միշտ պատշաճ կերպով նշելով հեղինակներին։ Եթե ձեր աշխատանքը պարունակում է երրորդ կողմերի նյութեր, դրանց օգտագործման իրավունքները ձեռք բերելու պատասխանատվությունը ձերն է։ Գաղտնի կամ հրապարակման արգելքի տակ գտնվող նախագծերի հետ կվարվենք անհրաժեշտ զգուշությամբ։
Այս պարտավորությունները պահպանում են արդարությունն ու ազնվությունը՝ որպես GRANSHAN Bloom Award-ի հիմք, որպեսզի գրերի և դիզայնի տոնակատարությունը մնա նույնքան բաց, ներառական և կենսունակ, որքան այն համայնքները, որոնց ծառայում է։
GRANSHAN-ի Պարտավորությունների հայտարարություն
Որպես համաշխարհային տեսողական ինքնության կենտրոն՝ GRANSHAN-ը արժևորում է տառատեսակներն ու տառային ձևավորումը, դիզայնը և հաղորդակցությունը։ Այդպիսով GRANSHAN-ն աջակցում է համայնքների, մշակույթի և բիզնեսների զարգացմանը՝ տեղական, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակների միջև հավասարակշռությամբ։ GRANSHAN-ը միջազգային փոխըմբռնման նախագիծ է․ բարձրորակ տառատեսակներով և գերազանց տառային ձևավորմամբ կառուցված հաղորդակցությունը հնարավոր է դարձնում շփումը և ամրապնդում ինքնությունը։ Մեր մոտեցումը երբեք բացառող չէ․ այն լայն է և ներառական։
Միաժամանակ մենք գիտակցում ենք աշխարհում առկա բախումների բազմազանությունն ու ամենատարբեր անարդարությունները․ որպես համաշխարհային գործունեություն ծավալող նախագիծ՝ պարբերաբար առնչվում ենք դրանց։ Մենք գիտակցում ենք իրավիճակները դրսից գնահատելու դժվարությունն ու վտանգները։ GRANSHAN հիմնադրամի հիմնադիրների և աջակիցների թվում շատերն այս հարցերի վերաբերյալ ունեն հստակ համոզմունքներ։ Մենք հարգում ենք դրանք և, քանի դեռ այդ հարգանքն ու բաց լինելը փոխադարձ են, սիրով հաղորդակցվում ենք կարծիքների այս բազմազանության հետ և ընդունում փոխըմբռնման հասնելու մարտահրավերը։
Մեր գործունեության բոլոր ոլորտներում մեր կարմիր գծերը հստակ են․ մենք չենք կարող հարթակ տրամադրել որևէ մեկին, ով հանդես է գալիս հօգուտ ագրեսիվ պատերազմի որևէ ձևի, ահաբեկչության կամ ցանկացած տեսակի խտրականության և ոտնձգությունների։ Մենք հանդես ենք գալիս միջազգային իրավունքի, փոխըմբռնման և համագործակցության վրա հիմնված աշխարհակարգի օգտին։
Մասնակցության պայմանների և հեղինակային իրավունքի հայտարարություն
1. Մասնակցության պայմաններ
1.1 Ներկայացված աշխատանքները պետք է լինեն մասնակցի ինքնուրույն ստեղծած աշխատանքները կամ ներկայացվեն սկզբնական հեղինակի կամ հեղինակների հստակ արտահայտված թույլտվությամբ։
1.2 Մասնակցության պայմաններին համապատասխանող մրցութային աշխատանքները պետք է ներառեն լատինականից դուրս առնվազն մեկ գրային համակարգ և պատկանեն մրցույթի սահմանված մեդիա կատեգորիաներին։
1.3 Աշխատանքներն ընդունվում են հետևյալ ձևերով՝
Հրատարակված աշխատանք (առևտրային շրջանառության մեջ դրված կամ պատվերով ստեղծված)
Հրատարակման պատրաստվող աշխատանք (դեռ չհրապարակված, սակայն հրապարակման համար նախատեսված)
Չհրատարակված աշխատանք (հայեցակարգային, հետազոտության վրա հիմնված կամ հնարավորություններն ուսումնասիրող)
1.4 Ուսանողական և պրակտիկայի շրջանակում իրականացված նախագծերը կարող են մասնակցել և ներկայացման պահին պետք է հստակ նշված լինեն որպես այդպիսին։
2. Հեղինակային իրավունք և օգտագործման իրավունքներ
2.1 Ներկայացված աշխատանքների նկատմամբ հեղինակային բոլոր իրավունքները մնում են մասնակցին։ Մասնակցությամբ մասնակիցները GRANSHAN-ին և նրա գործընկերներին տրամադրում են միայն ստորև նկարագրված օգտագործման կոնկրետ, սահմանափակ իրավունքները՝ բացառապես GRANSHAN Bloom Award-ին առնչվող նպատակներով։
2.2 Մրցութային աշխատանք ներկայացնելով՝ մասնակիցը հաստատում է, որ ներկայացված աշխատանքի հեղինակային իրավունքի օրինական իրավատերն է կամ լիակատար գրավոր թույլտվություն է ստացել հեղինակային իրավունքի օրինական իրավատիրոջից կամ իրավատերերից։
2.3 Մասնակիցը GRANSHAN-ին և նրա պաշտոնական գործընկերներին տրամադրում է ոչ բացառիկ, ամբողջ աշխարհում գործող, առանց հոնորարի լիցենզիա՝
Վերարտադրելու, ցուցադրելու և տարածելու աշխատանքը GRANSHAN Bloom Award-ին առնչվող ոչ առևտրային նպատակներով՝ ներառյալ ցուցահանդեսները, տպագիր և թվային հրատարակությունները, փաստագրումը և մրցանակին առնչվող գովազդային նյութերը։
Արխիվացնելու և ներկայացնելու աշխատանքը GRANSHAN-ի հետագա հրատարակություններում, հետազոտություններում կամ հետահայաց անդրադարձներում՝ պատշաճ կերպով նշելով հեղինակներին։
3. Երրորդ կողմերի նյութերի օգտագործում
3.1 Եթե ներկայացված աշխատանքը ներառում է երրորդ կողմերին պատկանող տարրեր, օրինակ՝ տառատեսակներ, պատկերներ կամ մտավոր սեփականություն, օգտագործման բոլոր անհրաժեշտ իրավունքները ձեռք բերելու պատասխանատվությունը կրում է բացառապես մասնակիցը։
3.2 GRANSHAN Bloom Award-ի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում երրորդ կողմերի չարտոնված նյութեր պարունակող ներկայացված աշխատանքներից բխող հեղինակային իրավունքի խախտումների կամ դրանց առնչվող որևէ իրավական պահանջի համար։
4. Գաղտնի կամ դեռ չհրապարակված աշխատանքներ
4.1 Մասնակիցները կարող են նշել, որ ներկայացված աշխատանքը պարունակում է գաղտնի կամ դեռ չհրապարակված նյութեր։ Նման մրցութային աշխատանքների հետ կվարվեն անհրաժեշտ զգուշությամբ, և դրանք չեն ցուցադրվի հանրությանը՝ մինչև հրապարակման գրավոր թույլտվություն ստանալը կամ համաձայնեցված հրապարակման ամսաթիվը։
4.2 Մասնակիցները կարող են նաև խնդրել սահմանել հրապարակման արգելք կամ ցուցադրման պայմանական սահմանափակումներ, որոնք կպահպանվեն հնարավորության սահմաններում։
5. Համաձայնության հայտարարություն
Բոլոր մասնակիցները աշխատանքը ներկայացնելիս պետք է համաձայնեն հետևյալ հայտարարությանը․ «Սույնով հայտարարում եմ, որ ներկայացված աշխատանքն ինքնուրույն ստեղծված է, որ ես հեղինակային իրավունքի իրավատերն եմ կամ ձեռք եմ բերել այս աշխատանքը ներկայացնելու համար անհրաժեշտ բոլոր իրավունքները և որ ընդունում ու պահպանում եմ GRANSHAN Bloom Award-ի մասնակցության պայմաններն ու հեղինակային իրավունքի դրույթները»։
Սիրելի գրեր, սիրելի աշխարհներ
Այս ուղին՝ անհատական մասնագիտական գիտելիքից մինչև հավաքական ճանաչում, իր գագաթնակետին է հասնում ոչ միայն մրցանակներում, այլև մշակույթների միջև ընդհանուր տեսանելիության, երկխոսության և փոխադարձ արձագանքի մեջ։
Սա տոնակատարություն է, որն ապրում է թվայինից և անցողիկից անդին՝ արմատացած շոշափելի ձևի, հանրային տարածքի և մարդկանց ու իրենց գրային համակարգերի միջև մշակութային խոր կապերի մեջ։
Աշխարհի շատ վայրերում՝ Հայաստանից մինչև Կորեա, Թաիլանդից մինչև Հնդկական ենթամայրցամաք, գրային համակարգերը պարզապես հաղորդակցության գործիքներ չեն, այլ ինքնության, պատկանելության և շարունակականության հզոր խորհրդանիշներ։
GRANSHAN-ի ուղին արժևորում է այս կապը՝ գրելու իրավունքը, տեսանելի լինելու իրավունքը, ընթերցվելու իրավունքը։
Այս ոգով՝ չսահմանափակվելով մեկ ուղղությամբ, այլ տարածվելով գրային համակարգերի և տարածաշրջանների միջև, մենք տոնում ենք համաշխարհային դիզայնի հարստությունը։
GRANSHAN Bloom Award-ի թիմ